Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ

Զալցբուրգյան խումբ

Զալցբուրգյան խումբ

Օրերս միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանն առաջարկեց «ԱՊԱԳԱ ԲԺՇԿԻ» էջերում հարցազրույցի հրավիրել նրանց, ովքեր մեկնում են արտերկրի այն կլինիկաները և համալսարանները, ում հետ մեր համալսարանը համագործակցում է:

 

Համալսարանականները` դասախոսներ, ուսանողներ, մեկնում են տարբեր տևողությամբ սեմինարների, առավել երկար տևողությամբ վերապատրաստման դասընթացների:

 

Պարզ է` վերադարձից հետո նրանք զեկուցագրեր, հաշվետվություններ են ներկայացնում ուր հարկն է, հանդես գալիս առաջարկություններով, հնարավորինս փորձում տեսածը ներդնել իրենց ամբիոններում, կլինիկաներում, բաժիններում: 

 

Սակայն առաջարկությունը հիմքում ուներ այն փաստարկը, որ այս ամենը կարող է հետաքրքրել նաև մեր դասախոսների, ուսանողների, աշխատակիցների առավել լայն շրջանակներին: Այս հանգամանքը հիմք ընդունելով բացեցինք «Միջազգային համագործակցություն» խորագիրը և առաջինը որոշեցինք լսել Զալցբուրգ  և ԱՄՆ մեկնողներին: Ի դեպ` զրույցին ներգրավվեցին նաև համալսարանի միջազգային կապերի և գիտական աշխատանքների գծով պրոռեկտորները, ովքեր առիթի բերմամբ ներկա էին մեր հարցազրույցին:

 

Չցանկանալով յուրաքանչյուրին ուղղված հարցերով ծանրաբեռնել հրապարակումը` ընդհանուր հարցադրում ուղղեցինք բոլորին` ի՞նչ տեսաք, ո՞րն էր նորույթը, ի՞նչն եք համարում ընդօրինակման արժանի:

 

Վահագն Սիսակյան (բժիշկ ռադիոլոգ) – Մասնակցել եմ Զալցբուրգյան սեմինարների` ռադիոլոգիայի ուղղությամբ: Հիմնականում շոշափվող թեմաները եղել են կատե, կոմպյուտերային տոմոգրաֆիա, սոնոգրաֆիա, դուպլեքս հետազոտություններ: Լսվող դասախոսությունները եղել են բարձր մակարդակի` հիմնականում ԱՄՆ-ից ժամանած դասախոսների մասնակցությամբ: Հիմնականում դոպլեր կլինիկայում ենք եղել` Դոպլերի անվան: Ծանոթացել ենք բաժանմունքներին, դոպլեր հետազոտության նորագույն մեթոդներին: Ցանկալի կլինի, որ մեզ մոտ ևս լինեն այն սարքավորումներն ու տեխնիկան, ինչ տեսանք այնտեղ, որոնցով կազմակերպեինք ուսանողների ուսուցումը: Իմ տեսած նորությունները, որոնք հիմնականում կապված են պրակիկ աշխատանքների հետ չափազանց հետաքրքիր էին, սեմինարին մասնակցությունս` բավականին արդյունավետ:

 

Ադրինա Թորգոմյան (թերապիայի թիվ 2 ամբիոնի ասիստենտ) Ադրինա Թորգոմյան (թերապիայի թիվ 2 ամբիոնի ասիստենտ) – Ես թերապիայի ամբիոնից եմ, բայց եղել եմ ռադիոլոգիայի կլինիկայում, մասնակցել եմ սրտի անոթների հետ կապված մեկ շաբաթյա սեմինարին, որը հետագայում հնարավորություն է ընձեռում American Austrian foundation-ի շրջանակներում մեկ ամսով մասնակցել վերապատրաստման Զալցբուրգում, Գրացում, Վիեննայում, որի ընթացքում դու ընտրում ես այն մասնագիտությունը, որով ցանկանում ես վերապատրաստվել և կլինիկայում բժշկի կարգավիճակով աշխատում ես: Անոթային վիրաբուժության բաժանմունքում ես հնարավորություն ունեցա ականատեսը և մասնակիցը լինելու անոթային բարդ վիրահատությունների, և ներանոթային էնդովասկուլյար միջամտությունների, որոնք նորություն էին ոչ միայն ինձ համար, այլև ընդհանրապես մեզ մոտ, որոնց արդյունքում կարելի է շատ հեշտ ախտորոշել հիվանդությունը առանց կատեի, անգեոգրաֆի: Ի տարբերություն մեր կլինիկաների` չափազանց մեծ էր հնարավորությունը շփվելու հիվանդների հետ, քանի որ այնտեղ խնդիր չկա հիվանդների թվի առնչությամբ: Բժշկական ապահովագրությունը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին հաճախակի դիմելու բժշկի: Մի բան, որը մեզանում պրոբլեմ է` վճարումները հնարավորություն չեն տալիս մեր հիվանդներին հաճախակի դիմել բժիշկներին: Ահա ինչու` մեր կլինիկաներում չափազանց դժվար է գործ ունենալ մեծաթիվ հիվանդների հետ: Ահա ինչու մեկ ամսվա ընթացքում այնքան հիվանդների և հիվանդությունների հետ առնչվեցի, որքան մեզ մոտ կարող էի տեսնել երկու տարում: 

 

Ցանկացած մեկին, ով նպատակ ունի մասնակցել Զալցբուրգյան սեմինարների կամ վերապատրաստումների, խորհուրդ կտայի նախօրոք ընտրել այն բնագավառը, որի ուղղությամբ ցանկանում է վերապատրաստվել: Քանի որ այնտեղ չափազանց լայն է կլինիկայում առաջարկվող ծառայությունները, թեմաները, մեթոդները: Ահա ինչու` մեկամսյա կարճ ժամկետի համար ժամանակի կորուստ կլինի այնտեղ որոնել և որոշել` ի՞նչ ուղղությամբ վերապատրաստվել: Պետք է գնալ արդեն որոշած իր անելիքը: 

 

Արմինե Դանիելյան (ընտանեկան բժշկության ամբիոնի ասիստենտ) Արմինե Դանիելյան (ընտանեկան բժշկության ամբիոնի ասիստենտ) – Բաց բժշկական ինստիտուտի և Ամերիկյան-ավստրիական ֆոնդի կողմից կազմակերպված Զալցբուրգյան սեմինարներ և մեկասմյա պրակտիկ վերապատրաստում Վիեննայի բժշկական համալսարանի ընտանեկան բժշկության ամբիոնում և հանրային առողջության կենտրոնում: Սա էր իմ վերապատրաստման վերջին հասցեն, ուր ամենաշատը ինձ դուր եկավ այն հանգամանքը, որ ամբողջ համալսարանական կրթությունը ուներ առաջնային օղակի ուղղվածություն: Այսինքնª առաջին կուրսից սկսած ուսանողն այցելում է ընտանեկան բժշկի օֆիս, տարբեր տևողությամբ` որոշակի ժամեր անցկացնելով ընտանեկան բժշկի օֆիսում: Մեծ ուշադրություն էր դարձվում գործնական հմտությունների զարգացմանը և կլինիկական մտածելակերպի ձևավորմանը: Առաջին կուրսում` առաջին բուժօգնություն, որից հետո` երկրորդ կուրսից մինչև 4-րդ կուրս, ուսանողը շաբաթը երկու ժամ այցելում է հմտությունների լաբորատորիա: Այս փաստը ինձ համար սկզբում անհասկանալի էրª ինչպե±ս կարող է երկրորդ կուրսի ուսանողը սովորել բավականին բարդ հմտություններ: Սակայն շփումը ուսանողների հետ իմ տարակուսանքը վերացրեց: Ես նկատեցի մի հանգամանք, որը ինձ չափազանց դուր եկավ. մեծ խանդավառություն կար ուսանողների մեջ սովորելու, ձգտում կար իմանալու այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Իսկ ուսումնական ծրագրում չափազանց դուր եկավ այն հանագամանքը, որ ոչ մի ավելորդ բան ուսանողին չեն սովորեցնում` ավելորդ ծանրաբեռնվածություն չստեղծելու համար: Ի դեպ` չափազանց կարևոր էր ինձ համար հիվանդի հետ հաղորդակցման հատուկ կուրսը, որը ներառում էր բավականին հետաքրքիր հարցադրումներ ու հարցեր: Անգամ քննական հարցատոմսերում կային այդ կուրսի առնչությամբ հարցեր` ինչպես խոսել հիվանդի հետ: 

 

Միքայել Նարիմանյան (գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր) Միքայել Նարիմանյան (գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր) – Այնտեղ ընտանեկան բժշկության ամբիոնը համագործակցում է ընտանեկան բժշկի օֆիսների հետ, և ընտանեկան բժշկության ներկայացումը` որպես մասնագիտություն, բժշկի գործունեության ձև և առաջնային բուժօգնության մատուցման մոդել` սկսվում է նախադիպլոմային ուսուցման շրջանից: 

 

Մեզ մոտ այն դասավանդվում է մագիստրատուրայի երկրորդ տարում: «Մխիթար Հերացի» պոլիկլինիկա տեղափոխվելուց հետո մենք կկարողանանք օգտագործել Արմինեի ձեռք բերած գիտելիքները` ներդնելով այն կրթական, ընտանեկան բժշկության և կլինիկական համակարգում` ստանալով ցանկալի արդյունք: 

 

Երվանդ Սահակյան (միջազգային կապերի գծով պրոռեկտոր)Երվանդ Սահակյան (միջազգային կապերի գծով պրոռեկտոր) – Այսինքն` ուսանողը 1-3-րդ կուրսերում միայն տեսական առարկաներ չի ուսումնասիրում: Նման կրթական համակարգը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ուսանողի, 1-ին կուրսից սկսած, պատկերացնել, թե ի՞նչ է դառնալու ի վերջո և ո՞րն է լինելու նրա հիմնական գործը: Եվ եթե պատահականորեն այս մասնագիտությունն ընտրած ուսանողներ կան, նրանք կարող են փոխել իրենց որոշումը հենց առաջին կուրսից: Ավելին` այս մասնագիտությունը գիտակցաբար ընտրածները` պատկերացնելով իրենց հետագա գործունեությունը, առավել ակտիվորեն են սկսում իրենց կրթությունը: Այսինքն` տեսությունը և պրակտիկան ուսումնառության առաջին օրվանից համատեղ են հանդես գալիս` ի տարբերություն մեր կրթահամակարգի, երբ կլինիկաներից կտրված առաջին 3-4 տարիներին ուսանողները գործ ունեն միայն տեսական առարկաների հետ: Ի դեպ` նշենք, որ մեր շրջանավարտները ավելի լավ տեսական առարկաներն են յուրացրած լինում, քան պրակտիկ գիտելիքներ են ունենում` անգամ բուհն ավարտելուց հետո: 

 

Արամ Միրիջանյան (վիրաբուժության թիվ 4 ամբիոնի ասիստենտ) – Մասնակցել եմ Զալցբուրգում տեղի ունեցած այն սեմինարներին, որոնք վերաբերում էին անհետաձգելի վիրաբուժությանը և տրավմատոլոգիային: Զեկուցողները երկու տարբեր երկրներից էին` ԱՄՆ և Ավստրիա: Այդքան կարճ ժամանակամիջոցում հնարավորություն ունեցանք ծանոթանալ երկու տարբեր երկրներում անհետաձգելի վիճակներին նրանց մոտեցումներին, որը շատ հետաքրքիր էր և բավական օգտակար: Սեմինարները սոսկ դասախոսություններ չէին, դրանք ուղեկցվում էին բանավիճային ելույթներով` յուրաքանչյուրը ներկայացնելով իր երկրում տվյալ հարցի վերաբերյալ մոտեցումները: Ինձ այնքան գրավեցին այդ քննարկումները, որ նպատակ ունեմ մասնակցել մեկամսյա վերապատրաստումներին: 

 

Առիթի բերմամբ կցանկանայի նշել մի հանգամանք. հյուրանոցում, որտեղ անց էին կացվում սեմինարները, ամենաընդարձակ սրահը կոչվում էր Armenian Lounge (Հայկական սրահ), ուր հավաքվում էինք սեմինարի բոլոր մասնակիցներս` տարբեր երկրներից: Պատից ինձ նայող Արարատի, Սայաթ-Նովայի մեծադիր նկարները և նռան պատկերը ջերմացնում էին հոգիս և լցնում հպարտությամբ: Ոչ մի այլ երկրի անվան սրահ չկար:

 

Այս հյուրանոցում բռնկված հրդեհը` երկու թե երեք տարի առաջ, մեծապես վնասել էր Զալցբուրգյան սեմինարների անցկացման շենքը: Մեր համալսարանի կազմակերպած բարեգործական համերգի ողջ հասույթը տրվել էր այս շենքի վերանորոգմանը, և որպես հարգանքի դրսևորում` վերանորոգումից հետո սրահը անվանվել է«Հայկական»: 

 

Արման Զաքարյան (նյարդավիրաբուժության ամբիոնի դոցենտ)Արման Զաքարյան (նյարդավիրաբուժության ամբիոնի դոցենտ) – Սա իմ 3-րդ մասնակցությունն է Զալցբուրգյան սեմինարներին: Նույն ծրագրով մեկ ամիս վերապատրաստվել եմ Վիեննայի համալսարանի նեյրովիրաբուժության բաժանմունքի կլինիկայում: Կարևոր եմ համարում նշել, որ իմ մասնագիտության գծով դասախոսություններ էին կարդում Եվրոպայի և Ամերիկայի առաջադեմ մասնագետները: Վերջին սեմինարը, որին մասնակցել եմ, ողնաշարի վիրաբուժության սեմինարն էր: Սա յուրահատուկ նեղ մասնագիտական սեմինար էր, որտեղ համատեղվում էին նեյրովիրաբույժները և օրթոպեդները: Հատկապես օգտակար եմ համարում այն միջամտությունը, որը կատարվում է ողնաշարային վնասվածքների ժամանակ: Մեթոդին տիրապետելու հնարավորություն տվեց տարբեր ամրացնող սարքերի տեղադրումը դիակների վրա, որը կատարում էինք ինքներս: Թե´ այս գործողությունը, թե´ շատ բարդ վիրահատական դեպքերի քննարկումները ինձ ուսանելի շատ բան տվեցին: 

 Հրաչյա Մանուկյան (վիրաբուժության թիվ 4 ամբիոնի դոցենտ)

Հրաչյա Մանուկյան (վիրաբուժության թիվ 4 ամբիոնի դոցենտ) – Մասնակցել եմ Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում կայացած “Thoracic and Head & Neck Cancers” թեմատիկ սեմինարին: Սեմինարը կազմակերպված էր ԱՄՆ “Memorial Sloan-Kettering Cancer Center” հեղինակավոր գիտաբժշկական կենտրոնի կողմից` Ավստրո-ամերիկյան հիմնադրամի հովանավորությամբ:

 

Սեմինարի ընթացքում լսվեցին պրոֆեսորների կողմից ներկայացված դասախոսություններ, ցուցադրվեցին ԱՄՆ-ում ընդունված ժամանակակից ախտորոշման և բուժման եղանակների վերաբերյալ տեսաֆիլմեր, քննարկվեցին կրծքային և պարանոցային վիրաբուժության արդի խնդիրները: Չափազանց կարևորում եմ մասնակցությունը նմանատիպ սեմինարներին` որպես շարունակական բժշկական կրթության բաղկացուցիչ մաս: Կարծում եմ այն օգտակար կլինի իմ հետագա գիտամանկավարժական և գործնական աշխատանքներում: Սեմինարի մասնակիցներին տրամադրվեցին հավաստագրեր` հավելված ԱՄՆ և եվրոպական երկրների կողմից ճանաչված ուսումնական կրեդիտներով, բազմաթիվ տեսական և դիդակտիկ նյութեր, որոնք կարելի է օգտագործել ուսումնական գործընթացում:

Հեղինակ. Ս. Թորոսյան
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ